23 Ապրիլ 2021, Բրյուսել. – 1915-1923թթ․ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, եվրոպական 13 երկրներում գործող իր հանձնախմբերի հետ, նամակ է հղել է Եվրոպական Միության գործադիր իշխանության ղեկավարներին և Եվրոպական Խորհրդարանի նախագահին` առաջարկելով ԵՄ-ում ընդունել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օր:
Նամակն ուղարկվել է Եվրոպական Միության արքաքին և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն Դեր Լայենին, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրե Վիկտորինին։
Հայ դատի Եվրոպայի Կենտրոնական հանձնախումբը և իր տարածքային հանձնախմբերը շեշտել են այս տարվա ոգեկոչման նշանակությունը՝ հիշեցնելով 2020թ․ աշնանը Արցախում տեղի ունեցած ողբերգական պատերազմը, երբ տեղաբնիկ հայ բնակչությունը հերթական անգամ հետապնդվեց Ադրբեջանի և Օսմանյան կայսրության ուղղակի ժառանգորդ Թուրքիայի կողմից։
Պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին՝ տեղակայելով ահաբեկչական ուժեր և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ: Նամակը վերաբերում է նաև Բաքվում 2020-ի դեկտեմբերին անցկացված զորահանդեսին, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հպարտորեն գովաբանեց Էնվեր փաշային`Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին:
Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը վերահաստատեց հիշատակի և մութ անցյալն ազնվորեն ընդունելու կարևորությունը` դրա հետագա կրկնությունը կանխելու համար:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ