ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է որոշ օտարերկրյա դեսպանների և դիվանագետների այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։
Ադրբեջանի կառավարության կազմակերպած քարոզչական այցելությանը միանալու՝ դիվանագետների ցավալի որոշումը ընդամենը մի քանի ամիս առաջ Շուշիի և, ընդհանրապես, Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ նույն ավտորիտար և հանցավոր ադրբեջանական ռեժիմի իրականացրած ռազմական հանցագործությունների հաստատման ու օրինականացման դատապարտելի գործողություն է:
44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի զանգվածային աջակցությամբ և սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր ոչնչացնում էին Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները և երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի գլխավոր տաճարը: Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած աղետալի պատերազմի արդյունքում Շուշի քաղաքի դարավոր պատմության մեջ առաջին անգամ քաղաքում լիակատար էթնիկ զտում է իրականացվել, և քաղաքը լիովին դատարկվել է հայ բնակչությունից: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակավ և հպարտորեն հայտարարեց, որ իրենք «շների պես դուրս են շպրտել հայ բնակչությանը»:
Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանների՝ այս ուղևորությանը չմիանալը հստակ ուղերձ է, որ Արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ: Իրականում, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման ու հավասարության իրավունքը, Ադրբեջանի իշխանությունների կողմից պատերազմի ընթացքում բացահայտորեն խախտվել են:
Ցավալի է, որ Շուշի այցելած դիվանագետները չնախընտրեցին հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների օրինակին: Ընդունելով հրավերը՝ նրանք դարձան Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քարոզչական արշավի մաս: Ավելին` դրանով նրանք հարված հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Արցախի հակամարտության տևական, խաղաղ և արդար լուծում որոնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ այդ դիվանագետները լիովին անտեսել են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել և խոշտանգել ավելի քան 200 հայ ռազմագերու՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական առևտրի գործիք, ինչը խախտում է 2020 թ. նոյեմբերի հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Այն ստորագրված է Ադրբեջանի նախագահի կողմից և նախատեսում է բոլոր գերիների և ռազմագերիների վերադարձ:
Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտքի թույլտվություն տրամադրել Արցախի հայկական ճարտարապետական և կրոնական հուշարձաններ: Վերջին ամիսներին ի հայտ են եկել այդ կրոնական հուշարձանների պղծման և նույնիսկ ամբողջական ոչնչացման փաստեր:
Բացի դրանից՝ 2021 թվականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում և առևանգել հայ զինծառայողների։
Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է դիվանագիտությունը, մասնավորապես՝ այն երկրներում, որոնք շեշտում են, թե կարևորում են մարդու իրավունքները և էթիկան, վերածվում ավտորիտար մի երկրի դուդուկի տակ պարելու տգեղ դրսևորման։ Մի երկրի, որը Եվրոպայում առավել հայտնի է բարդ կոռուպցիոն մեխանիզմների ստեղծմամբ, ինչպիսիք են «ադրբեջանական լվացքատունը» և բնիկ հայ բնակչության դեմ վարձու ահաբեկիչների միջոցով պատերազմ սանձազերծելը։
Որպես եվրոպական քացաքացիական հասարակության կազմակերպություն՝ մենք կարծում ենք, որ դիվանագիտությունն ավելին է, քան սա, և որ դիվանագիտության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու արդարության որոշակի զգացումը։
Մենք, անշուշտ, կշարունակենք դրան ուղղված մեր աշխատանքը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ