You are currently viewing Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել  «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով քննարկում
  • Reading time:1 mins read

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 7-ին անցկացվել է խորհրդաժողով՝ «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն էին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում  հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, պատգամավորների օգնականներ, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատեց իր պատրաստակամությունը օժանդակելու Արցախին՝ նշելով․

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ ապահովենք»։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ՝ Գասպար Կարապետյանն բացման խոսքում շնորհակալություն հայտնեց խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր վան Դալենին։ Այնուհետև Կարապետյանը մասնավորապես նշեց․

«2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան երկրորդ պատերազմը նոր փորձ էր Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսեցին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշեց․

«Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև նպատակ ունեն Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն առաջացնել։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական Միության միջնորդությունների ժամանակ»:

ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը իրավական տեսանկյունից, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումները ներկայացնելուց հետո, նշեց.

«Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է ատելության խոսքի, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։

Զեկույցներին հաջորդեց հարց ու պատասխան, այդ թվում միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։

Print Friendly, PDF & Email