• Reading time:1 mins read

Բրյուսել, 20 Մայիս 2021 – ՀՅԴ  Եվրոպայի Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի հրատապ բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերներին և գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից։ Միջկուսակցական միասնական բանաձևը, որը ստորագրել են ԵԽ հինգ ամենամեծ քաղաքական խմբերը ներկայացնող պատգամավորներ, ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է այսօր։ Բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ լիագումար նիստից հետո, երբ բազում եվրախորհրդարանականներ վճռականորեն դատապարտեցին հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական բարբարոսական պահվածքը և ԵՄ-ին կոչ արեցին ակտիվորեն մասնակցել նրանց ազատման գործընթացին։

Բանաձևով, Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմաթիվ հայ գերիների պահման ստորացուցիչ պայմանների, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ: Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, համաձայն որի՝ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է:

Խորհրդարանը բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Եվրախորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դադարեցնել հայ ռազմագերիների մոտ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և բժիշկների մուտքի արգելքը։ Բացի այդ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը լիարժեք համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ տրամադրելով գերության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը և մանրամասն տեղեկություններ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Որպես Եվրոպայի խորհրդի անդամ, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների կիրառումը, ինչը չի անում։

Հայ ռազմագերիների հարցից բացի, բանաձևը քննադատում է Ադրբեջանի զինված ուժերի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք՝ դա դիտելով որպես Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտումը:

Եվրախորհրդարանը նաև ցավում է, որ Ադրբեջանում ատելության խոսքը և հայատյացությունը բարցրացվել են պետական քաղաքականության մակարդակի։ Մասնավորապես անդրադարձ է կատարվում Բաքվում այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացմանը՝ կոչ անելով անհապաղ փակել այն:

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց մանդատին ԵԱՀԿ 2009թ․ հիմնարար սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա գտնել հակամարտության կայուն և խաղաղ լուծում։ Ամփոփելով, բանաձևը նաև ընդգծում է Արցախ հումանիտար օժանդակություն ուղարկելու, տեղի հայ բնակչության և վերջինիս մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու հրատապ անհրաժեշտությունը։ 

Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատում է. «Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևով Եվրահանձնաժողովը և Արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունն իրենց ձեռքում ունեն լրացուցիչ ուժեղ գործիք ավելի կոնկրետ գործելու և իրենց բոլոր քաղաքական ու դիվանագիտական լծակները օգտագործելու բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար։ Բացարձակ խայտառակություն է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են այս հումանիտար հարցը որպես սակարկության առարկա՝ աշխարհաքաղաքական կամ տարածքային շահերի համար: Հայ ռազմագերիների` մարդկայնորեն վերաբերվելու և նրանց կալանքից ազատ արձակվելու իրավունքները երաշխավորված են նաև Ադրբեջանի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներով: Պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը խախտում է դրանք»:

«Կարևոր է նաև, որ բանաձևով Եվրախորհրդարանը հստակ քննադատում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումը: Ադրբեջանի ներխուժումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից», – եզրափակում է Կարապետյանը:

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ