You are currently viewing Եվրոպական Խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում
  • Reading time:1 mins read

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա առաջընթացի զեկույց։ Ինչպես նախորդ վեց տարիներին, խորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը։

Եվրոպական խորհրդարանը, մասնավորապես

  • հորդորում է Թուրքիային` հանձնառու լինել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցմանը, ներառյալ Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորումը, և լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության պարտավորությունները,
  • կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին` ուսումնասիրել «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական շարժման գործունեության արգելման հնարավորությունը ԵՄ երկրներում,
  • հորդորում է թուրքական իշխանություններին մեծացնել ջանքերը՝ արդյունավետ կերպով կարգավորելու երկրում հայերի և այլ փոքրամասնությունների ծայրաստիճան վատ իրավիճակը,
  • մտահոգված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հակասում է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության ընդհանուր նպատակներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Կովկասի տարածաշրջանին,
  • համարում է, որ Թուրքիան հետևողականորեն հեռու է մնում ԵՄ արժեքներից և չափանիշներից։

 

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի սույն բանաձևը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արեց իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս` Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբ շարունակելու է վերոհիշյալ հարցերը պահել ուշադրության կենտրոնում։