You are currently viewing Հունվարի 27-28-ը, ի պաշտպանություն Արցախի, տեղի ունեցավ համաեվրոպական երկրորդ խոշոր ձեռնարկը
  • Reading time:1 mins read

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը 2024թ․ հունվարի 27-28-ը անցկացրեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ․ հեկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին։

Այս անգամ, ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով, «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում էր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

            Եվրոպահայ հարյուրավոր կազմակերպություններ միասնականությամբ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին։ Համայնքային խորհուրդները, եկեղեցական, քաղաքական, բարեգործական, մարզական, երիտասարդական, մշակութային, տեղական և համահայկական միություններն իրենց կարևոր դերն ունեցան երկօրյա միջոցառումների հաջողության մեջ։

            Եվրոպահայության այս զորաշարժի հիմնական նպատակն էր մերժել հուսալքությունն ու պարտվողական կեցվածքը, զգաստության և պայքարի կոչ ուղղել Եվրոպայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությանը՝ պաշտպանելու իր շահերը։ Հայության բազմահազար ներկայացուցիչների մասնակցությունը ցույց տվեց, որ եվրոպահայության մի ստվար հատված Արցախի էջը փակված չի համարում և վճռական է շարունակելու պայքարը։

            Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

            Հավաքների ընթացքում ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ուղերձը, որով վերջիններս զորակցություն էին հայտնում  «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժմանը և ավելացնում․ «այս աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են» և արցախահայության անունից «երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որը ցուցաբերում են եվրոպական հարյուրավոր կազմակերպություններ՝ Արցախի օժանդակության նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով»։

            «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ընդլայնելու է իր ցանցը և 2023թ․ հունիսին իր պահանջներին միացած եվրոպական 470 կազմակերպությունների ցանկին ավելանալու են հայկական և օտար բազմաթիվ կազմակերպություններ։ Շուտով հանրությանը կներկայացվի Եվրոպական միության և եվրոպական երկրների ղեկավարներին ուղղված նոր պահանջագիր և դրան միացած հարյուրավոր կազմակերպությունների նոր ցանկ։