You are currently viewing Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում
  • Reading time:1 mins read

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում

 

Չորեքշաբթի, փետրվարի 5-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը (Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցություն, Կիպրոս) հյուրընկալել է «Մոռացված փախստականները. ի՞նչ պատահեց Բաքվի հայերի հետ» խորհրդաժողովը: Միջոցառումը համակազմակերպել էին ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը և ԵՄ-ում ՀՀ առաքելությունը:

Խորհրդաժողովի բանախոսներն էին Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ամերիկահայ գրող, իրավաբան և իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թուրքոթը և Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաևը: Վերջին երկու բանախոսները վերապրել են Բաքվի հայերի ջարդերը:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, պատգամավորների խորհրդականներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակության և ԵՄ-ում մի շարք երկրների առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը վերապրած Բելգիայի քաղաքացիներ:

Խորհրդաժողովի բացման իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է ներկաներին՝ մեծապես կարևորելով Բաքվի հայերի ջարդերին նվիրված միջոցառման կազմակերպումը եվրոպական ժողովրդավարության կենտրոնում.

«Եվրոպական խորհրդարանը 1990 թվականի իր բանաձևերում միանշանակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը»,- հիշեցրել է Կարապետեանը:


Եվրոպական խորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ որոշել է հյուրընկալել միջոցառումը նաև այն պատճառով, որ ինքն էլ կիսում է փախստականների ճակատագիրը. մանուկ հասակում իր ընտանիքն էլ ստիպված է եղել փախուստի դիմել՝ 1974 թվականի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ: Պատգամավորը շեշտել է.

«Հիշատակելը վրեժխնդրություն չի նշանակում, բայց միևնույն ժամանակ մոռացության մատնելն էլ աններելի է, քանի որ այն նոր հանցագործությունների է բերում»:


Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Ն.Գ. դեսպան Թաթուլ Մարգարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի կոտորածները հետսառըպատերազմյան Եվրոպայում առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին:

Իրենց վկայություններում Աստվածատուրյանն ու Բաբաևը ներկայացրել են ողբերգական օրերի իրենց հիշողությունները.

«Մենք ամիսներով թաքնվել էինք մեր բնակարանում՝ հուսալով, որ հայերի դեմ բռնությունը կդադարի: Բայց այն չդադարեց: Մենք ամեն ինչ թողեցինք ու փախուստի դիմեցինք: Մի կերպ փրկվեցինք ու կենդանի մնացինք: Մեր հարևաններից ու բարեկամներից շատերը մեզ նման բախտավոր չգտնվեցին»: Բաբաևը շեշտել է, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար պարարտ հող էր նախապատրաստված. «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունները, սպանությունները, մարդկանց կենդանի այրելը, չպիտի անպատիժ մնան»:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում և Արցախում, և այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար»:

Բանախոսները նաև նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում որպես պետական քաղաքականություն շարունակում են համակարգված կերպով հայատյացություն սերմանել և տարածել, որի ականատեսն են եղել նաև Բաքվի ջարդերի զոհերը: Եզրափակելով՝ բանախոսները շեշտել են Եվրոպական միության կարևոր դերը որպես երկխորոսությունը, խաղաղությունը և մարդու իրավունքները խթանող կարևոր «փափուկ ուժ»:

Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան, և խորհրդաժողովի մասնակիցները, այդ թվում ադրբեջանցիները, հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել բանախոսներին:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ 

Post image

 

Post image
 
 
Post image

 

 
Print Friendly, PDF & Email