You are currently viewing ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն այցելեց Եվրոպական Խորհրդարան։
  • Reading time:1 mins read

Բրյուսել, 6 մայիս – ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6 կայացավ ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։

Ստրասբուրգում ԱԺ պատգամավորը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Եվրախորհրդարանի տարբեր երկրներից տարբեր պատգամավորական խմբերի անդամ երկու տասնյակ պատգամավորների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Էվա Քայլիի (Հունաստան, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի (Էստոնիա, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Եվրանեսթ խորհրդարանական վերաժողովի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի (Լիտվա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) ,  Հայասատանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցաբեր Անդրեյ Կովաչևի, (Բուլղարիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) և Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Պիտեր վան Դալենի (Նիդերլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները (մասնավորապես՝ Խնապատ-Խրամորթ հատվածում լարվածությունը և Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի մի հատվածի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը), հոգեբանական տեռորը և մարդասիրական աղետի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։ Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Զրուցակիցների խնդրանքով պրն․ Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները Արցախի հարցի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։ Պրն․ Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման հարցը։

Առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև ԵԽ-ում Ադրբեջանի հարցով հատուկ զեկուցաբեր Զելյանա Զովկոյի հետ։ Հանդիպման թեման Արցախի հիմնախնդիրն էր, ինչպես նաև Ադրբեջանի՝ պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։     

Այցն ամփոփվեց Բրյուսելում ՝ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ կլոր սեղան-քննակմամբ։

 

Print Friendly, PDF & Email