You are currently viewing «ԵՄ ղեկավար գործադիր մարմիններից ակնկալում ենք, որ երկկողմանի հայտարարություններ անելու փոխարեն, կդատապարտեն ակնհայտ ագրեսոր հանդիսացող Ադրբեջանին, քանի որ նման հայտարարությունները սատարում են միայն ագրեսորին եւ հանգեցնում ավելի շատ զոհերի»․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյան
  • Reading time:1 mins read

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ին, Ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության դեմ՝ օգտագործելով ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Հարձակումն ուղղված էր Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի մոտակայքում գտնվող հայկական մարտական դիրքերի եւ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով:

Ադրբեջանական զինված ուժերի թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ բնակելի տները։ Հայկական կողմը հաստատել է 105 զոհի մասին։

Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվող ռազմական ագրեսիան ուղղակիորեն ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը, հետեւաբար նույնպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Իրականացնելով շարունակական պատերազմական հանցագործություններ Արցախում եւ Հայաստանում բնակվող բնիկ հայ ժողովրդի դեմ՝ Ադրբեջանը տապալում է ցանկացած հնարավոր խաղաղ գործընթաց,
ապակայունացնում է տարածաշրջանը եւ ամբողջությամբ վնասում է հնարավոր ցանկացած բանակցություններին։

Անդրադառնալով Ադրբեջանական վերջին հարձակումներին՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար
Կարապետյանը նկատել է․

«Բացարձակապես անընդունելի է, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա եւ ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ ԵՄ ղեկավար գործադիր մարմիններից ակնկալում ենք, որ կդատապարտեն ակնհայտ ագրեսոր հանդիսացող Ադրբեջանին, երկու կողմերին ուղղված հայտարարություններ անելու փոխարեն, քանի որ նման հայտարարությունները սատարում են միայն ագրեսորին եւ հանգեցնում ավելի շատ զոհերի։

ԵՄ ղեկավարությունը ստանձնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ-հաշտարար հանդես գալու պատասխանատվությունը, եւ իսկապես ունի երկխոսության եւ խաղաղության գործընթացում իրական դերակատար դառնալու ներուժ՝ զերծ մնալով երկկողմանի մերկապարանոց կոչերից»։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը ՀԱՊԿ-ից ակնկալում է անհապաղ ձեռնարկել քայլեր եւ դադարեցնել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահ երկրներին.

  • դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները եւ ուղղակիորեն գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ նրա քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ,
  • ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ շարունակական այլատյացության, ագրեսիվ ծավալապաշտության եւ ատելության
    քաղաքականությունը։