You are currently viewing «Արցախի արտգործնախարարի այցը Բրյուսել կարևորում ենք նաև այն պատճառով, որ սա հետպատերազմյան փուլում ԵՄ մայրաքաղաք նրա առաջին այցն էր», ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ
  • Reading time:1 mins read

11 Փետրվար, Բրյուսել – ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությամբ և ջանքերով փետրվարի 7-10 տեղի ունեցավ Ա․Հ․ արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել։ 

Այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում (ԵԽ) Արցախի հետ բարեկամության խումբը՝ գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող և խորապես արմատացած հայատյացությունն է։ 

Ա․Հ․ Արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Բելգիայի Դաշնային Խորհրդարանում Հայաստանի և Վրաստանի բարեկամության խմբի անդամ-սենատորների, Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, ինչպես նաև Ֆլամանդական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ։  Նախարարը նաև դասախոսություն կարդաց Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների համար, ովքեր այցով գտնվում էին Բրյուսելում։ Այցն ամփոփվեց Բելգիայի Հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։

Բոլոր հանդիպումների առանցքային թեմաների շարքում էին Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում հայկական մշակութային ժառանգության վերացմանը և պատմությունը կեղծելուն միտված ադրբեջանական քաղաքականությունը, ինչպես նաև դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով այցին՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց. «Ինչպես և անցյալում, այժմ էլ մեր ողջ ներուժով աշխատում ենք Եվրոպական քաղաքական շրջանակներում լսելի դարձնել Արցախի մեր հայրենակիցների ձայնը և իրազեկել Ադրբեջանի ագրեսիվ, կործանարար քաղաքականության վերաբերյալ։ Կարևորում ենք Արցախի արտգործնախարարի այցը Բրյուսել նաև այն պատճառով, որ սա հետպատերազմյան փուլում նրա առաջին այցն էր ԵՄ մայրաքաղաք:»

«Թեկուզ ծանր վիրավոր, բայց Արցախն այսօր շարունակում է ապրել։ Բոլորիս պարտքն է նվիրումով տեր կանգնել մեր ժողովրդի արդար իրավունքներին և պաշտպանել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական շահը», ամփոփեց Գասպար Կարապետյանը։ 

Print Friendly, PDF & Email